
Ոստիկանություն աշխատանքի ընդունվելու համար 35 տարեկանի սահմանափակումը կհանվի.
Հայաստանում ոստիկանություն աշխատանքի ընդունվելու համար առաջիկայում կարող է վերանալ 35 տարեկանի վերին սահմանափակումը։ Այս մասին հայտարարվեց կառավարության մայիսի 8-ի նիստի ժամանակ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց համապատասխան փոփոխությունների փաթեթը, որը ներառում է 3 խումբ հարցեր։
Նախարարի խոսքով՝ մինչև հիմա ոստիկանությունում կարող էին աշխատել միայն 18-35 տարեկան քաղաքացիները, սակայն նախատեսվում է այդ սահմանափակումը հանել և կենտրոնանալ առավել կարևոր չափանիշների վրա՝ ինչպես են հավակնորդներն անցնում ֆիզիկական, մասնագիտական ու կրթական գնահատումը։
Փոփոխությունների փաթեթը ներառում է նաև այլ կարևոր կետեր։ Մասնավորապես, նախատեսվում է համայնքային ոստիկանությունում կիրառել բաց ընդունելության համակարգ, որտեղ թե՛ քաղաքական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողները մաս կկազմեն ընդունելությանը, ինչպես քրեական ոստիկանության դեպքում։ Նրանք, ովքեր Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում բարեհաջող կավարտեն կրթական պրոցեսը, ապա կհամարվեն միանգամից ատեստավորված և կշարունակեն ծառայությունը:
Բացի այդ, եթե հիմա նոր ընդունված ծառայողը պետք է 6 ամիս անց մասնակցի ատեստացիայի և ստանա հավելյալ վարձատրություն, ապա նոր կարգով այդ հնարավորությունը կտրվի 2 ամիս անց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նաև վերանայել ոստիկանի պաշտոնի համար պահանջվող ֆիզիկական սահմանափակումները։ Նա նաև առաջարկեց քննարկել պայմանագրային ծառայության համար տարիքային սահմանափակման վերացման հարցը՝ համակարգը դարձնելով էլ ավելի ընդգրկուն։