
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը զրկվել է թռիչքներ իրականացնելու իրավունքից
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ժամանակավորապես զրկվել է թռիչքներ իրականացնելու իրավունքից։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ մայիսի 6-ից կասեցվել է ընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը։
Վկայականը տրամադրվում է միայն այն դեպքում, երբ ավիաընկերությունն ունի թռիչքների համար պիտանի օդանավ կամ համապատասխան վարձակալության պայմանագիր։ Քանի որ «Հայկական ավիաուղիները» ներկայումս չունի ոչ մի պիտանի օդանավ, վկայականի կասեցումը դարձել է անխուսափելի։ Քաղավիացիայի կոմիտեի փոխանցմամբ՝ ՕՇՎ-ի գործողությունը կասեցվել է 6 ամսով։ Եթե այդ ժամանակահատվածում ընկերությունը չներկայացնի նոր օդանավ կամ դրա վարձակալության պայմանագիր, ապա վկայականը կհանվի։
Նշենք, որ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցրել էր թռիչքները նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված։ Այդ ժամանակ ընկերությունը չէր հայտնել, թե երբ կավարտվեին աշխատանքները և երբ կվերսկսվեին թռիչքները։