
Բիլ Գեյթսը իր կարողության 99 տոկոսը կհատկացնի բարեգործությանը
Բիլ Գեյթսը՝ Microsoft-ի համահիմնադիրը և աշխարհում ամենահայտնի բարեգործներից մեկը, հայտարարել է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում կտրուկ արագացնելու է իր բարեգործական գործունեությունը՝ նվիրաբերելով իր անձնական կարողության 99%-ը։ Նա նախատեսում է մինչև 2045 թվականի դեկտեմբերի 31-ը ամբողջությամբ փակել «Գեյթսի հիմնադրամը»՝ այդ ընթացքում տրամադրելով ավելի քան 200 միլիարդ դոլար բարեգործական նպատակներով ։
«Գեյթսի հիմնադրամը» 2000 թվականից ի վեր տրամադրել է ավելի քան 100 միլիարդ դոլար՝ ուղղված գլոբալ առողջապահական խնդիրների լուծմանը, կրթության բարելավմանը և աղքատության հաղթահարմանը։ Հիմնադրամը հատկապես ակտիվ է եղել ՁԻԱՀ-ի, մալարիայի, տուբերկուլյոզի դեմ պայքարում, ինչպես նաև պատվաստանյութերի մշակման և կանանց առողջության ոլորտներում։
Գեյթսը հայտարարել է, որ հիմնադրամը կփակի իր դռները 2045 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այս որոշումը պայմանավորված է հիմնադրամի գործունեության արդյունավետության բարձրացմամբ և բարեգործական միջոցների առավել արագ ու նպատակային բաշխմամբ։ Նա ընդգծել է, որ ցանկանում է իր մահից հետո չհիշվել որպես «մարդ, ով մահացավ հարուստ» ։