ՀայաստանՍոցիալական

Նոյեմբերի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել

Նոյեմբերի 1-ից մայրաքաղաքում Man, ZhongTong և GazelCity տեսակի հասարակական տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները երեք վճարման տարբերակներից օգտվելու հնարավորություն են ունենալու։ Առաջին տարբերակը տրանսպորտում տեղադրված սարքերի միջոցով 100 դրամանոց մետաղադրամներով ուղիղ վճարում անելն է, երկրորդը՝ հեռախոսային Telcell վճարային համակարգով էլեկտրոնային տոմսեր գնելը, երրորդը՝ փողոցներում տեղադրված Telcell ապարատներից թղթային տոմսեր գնելը։ Վերջին երկու տարբերակներով տոմսեր ձեռք բերելուց հետո հաճախորդները պետք է օգտվեն տրանսպորտային միջոցներում տեղադրված վալիդատորներից։

Վերջիններիս անսարքությունների դեպքում քաղաքապետարանը իր վրա է վերցրել պատասխանատվությունը, և քաղաքացիները որևէ խնդիր չեն ունենալու։ Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով։

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, որ նոյեմբերի 1-ին հավաքագրվել է 31 678 200 դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): Այս ցուցանիշը կրկնակի անգամ բարձր է հոկտեմբերի 31-ի ցուցանիշից։ Այդ օրը հավաքագրումները կազմել են 30 694 500 ՀՀ դրամ, որից 1 970 900-ը վալիդատորների միջոցով։