ՀայաստանՍոցիալական

Տասնյակ քաղաքացիներ հայտնվել են բանկային զեղծարարությունների ցանցում․ Կենտրոնական բանկը պարզաբանումներ է տվել

Վերջին շաբաթներին ակտիվորեն շրջանառվող բանկային հնարավոր զեղծարարությունների թեման լուրջ անհանգստություն է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Տասնյակ քաղաքացիներ պնդում են, որ առանց իրենց գիտության՝ բանկային հաշիվներից գումարներ են հափշտակվել կամ վարկեր բացվել իրենց անունով։

Տուժածների հիմնական բողոքները վերաբերում են երեք բանկերին՝ «Այ ԴԻ Բանկ», «Ինեկոբանկ» և «Արդշինբանկ»։ Այս պահին Կենտրոնական բանկը ստացել է շուրջ 50 բողոք՝ կապված հենց այս բանկերի գործունեության հետ։

Նախնական տվյալներով՝ զեղծարարությունների մեծ մասը կատարվել է քաղաքացիների անձնական տվյալների չարաշահման կամ փոխանցման միջոցով։ Սակայն Կենտրոնական բանկն ընդունում է, որ համակարգը նաև ինստիտուցիոնալ մարտահրավերների առաջ է կանգնած։

Միևնույն ժամանակ՝ հնարավոր զեղծարարության հետևանքով տուժած հաճախորդների հետ կապված միջանկյալ լուծումներ գտնելու շրջանակներում նշված բանկերն ընդունել են որոշումներ՝ 3-ից 5 տարի ժամկետով («Այ ԴԻ Բանկ»՝ 5 տարով, «Ինեկոբանկ»՝ 3 տարով և «Արդշինբանկ»՝ 3 տարով) հետաձգելու հաճախորդների պարտավորությունների մարումը. բանկերը սկսել են այս մասին իրենց հաճախորդներին տեղեկացման գործընթացը, ինչպես նաև տարածել են համապատասխան հաղորդագրություններ: Այս ընթացքում վարկառուներին վարկի մարման պահանջ չի ներկայացվի, վարկի նկատմամբ տոկոսներ չեն հաշվեգրվի՝ ակնկալելով, որ այդ ժամկետում համապատասխան քրեական վարույթների արդյունքներով կլինեն վերջնական իրավական գնահատականներ։