
Հայաստանը կարող է կանգնել խմելու ջրի խնդրի առաջ
Հայաստանը երբեք չի համարվել ջրային պաշարներով աղքատ երկիր։ Սակայն վերջին տարիներին մասնագետները բարձրաձայնում են՝ ջրի պաշարների սպառումը հասել է վտանգավոր մակարդակի։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2024 թվականի զեկույցի համաձայն՝ Հայաստանը գտնվում է «միջին ջրային սակավության» շեմին։
Արարատյան դաշտավայրում հողագործության համար օգտագործվող ջուրը մոտ մեկուկես անգամ գերազանցում է այնտեղի բնական կերպով արտադրվող ստորգետնյա ջրերին։
2022–2024 թվականների ընթացքում փակվել են մի շարք ապօրինի հորեր, սակայն ներկայումս ևս կան գործողները, որոնք մեծապես ազդում են ջրի պաշարների նվազմանը։
Մասնագետները կանխատեսում են, որ մինչև 2030 թվականը, եթե ոչինչ չփոխվի, Հայաստանի բնակչության շուրջ 40%-ը կլինի ջրային ճգնաժամի մեջ։
Ֆրանսիական Ջրի միջազգային գրասենյակի ջրային ռեսուրսների կառավարման փորձագետ Լիանա Մարգարյանը նշել է, որ 2030 թվականին ջրային սթրեսի ինդեքսը Հայաստանում կարող է հասնել 80%-ի, ինչը նշանակում է, որ Հայաստանում առկա ջրային ռեսուրսների գրեթե ամբողջը (80%) օգտագործվելու է մարդու կարիքների համար՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, խմելու ջուր և այլն։ Սա վտանգավոր մակարդակ է, քանի որ սպառվում է բնականոն վերականգնումից ավելի ջուր, և արդեն բացասական ազդեցություն է ունենում էկոհամակարգերի, բնակչության առողջության ու տնտեսական կայունության վրա։
Ջրի խելացի կառավարման ուղղությամբ արդեն իսկ որոշ քայլեր կատարվում են՝ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրում, հորերից ջրի օգտագործման վերահսկողություն, չափիչ սարքերի տեղադրում։ Սակայն ջրի պաշարների նվազումը ցույց է տալիս, որ եղած միջոցներն առայժմ բավարար չեն։