
Երևանի բնակիչները կարող են աղբահանության վճարները կատարել առցանց
Երևանի քաղաքացիները հնարավորություն ունեն աղբահանության վճարները կատարել առցանց կամ «Հայփոստ»-ի բոլոր մասնաճյուղերում։ Սրա մասին տեղեկացրեց քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը՝ ավագանու նիստի ընթացքում։
Ըստ նրա՝ վճարումները հնարավոր է իրականացնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժնի, pay.e-community.am հարթակի, «Հայփոստ»-ի մասնաճյուղերի, EasyPay համակարգի և «Հայէկոնոմբանկ»-ի հավելվածի միջոցով։ Հովհաննիսյանի խոսքով՝ մոտակա շաբաթների ընթացքում սպասվում է նաև այլ բանկերի և վճարային հարթակների միացում, այդ թվում՝ «Թելսել»-ի։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտեց՝ աղբահանության նոր կարգի ներդրումից հետո վճարման առցանց հարթակները ժամանակավորապես անհասանելի էին, ինչի հետևանքով բնակիչներն ունեցել են որոշ դժվարություններ։ Այս պատճառով, ըստ Ավինյանի, առաջարկվում է չեղարկել 2025 թվականի հունվարից մինչև հուլիսի 31-ը չկատարված վճարումների համար նախատեսված տույժերը։ Տույժերը կգանձվեն միայն այն պահից, երբ վճարումը հնարավոր կլինի կատարել բոլոր հասանելի հարթակներով։
Նշենք, որ համապատասխան որոշումը կընդունվի ավագանու այսօրվա նիստում։