ՀայաստանՍոցիալական

ՀՀ-ում առաջարկվում է խստացնել զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու պատժաչափերը

Նախատեսվում է խստացնել զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատժաչափերը։

Այս մասին ներկայացվել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում։

Նախագծի համաձայն՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար ազատազրկման ժամկետը կբարձրացվի՝ ներկայիս 2-5 տարվա փոխարեն սահմանվելով 3-6 տարի։


Կբարձրացվի նաև վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի 20-ապատիկից դառնալով 15-35-ապատիկ, իսկ ազատազրկման ժամկետը՝ մինչև 2 տարվա փոխարեն կդառնա 1-3 տարի։

Բացի պատժաչափերի փոփոխությունից, նախագծով առաջարկվում է նաև վերանայել նշված հանցագործությունների ծանրության աստիճանը։ Զինվորական ծառայությունից խուսափելը կդասակարգվի որպես միջին ծանրությունից մինչև ծանր հանցագործություն։

Վարժական հավաքներից խուսափելը կդասակարգվի որպես փոքր ծանրությունից մինչև միջին ծանրության հանցագործություն։

Նախագծի հեղինակները նշում են, որ այս փոփոխությունները նպատակ ունեն ուժեղացնել զինվորական պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը և բարձրացնել պատասխանատվության մակարդակը։

Սեդա Մարտոյան