ՀայաստանՍոցիալական

Դատարանը չեղարկել է «կարմիր գծերի» վճարի որոշ դրույթները․ քաղաքապետարանը չի հիմնավորել բարձրացումները

Երևանի վարչական դատարանը որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչել Երևանի «կարմիր գծերով» ավտոկայանատեղերի տեղական վճարի որոշ դրույթներ։ Այս վճարները սահմանված էին Երևանի ավագանու 2024 թվականի դեկտեմբերին ընդունած որոշմամբ։ Դատարանը գտել է, որ քաղաքապետարանը չի կարողացել հիմնավորել, թե ինչու է վճարը բարձրացվել, և ինչպես է դա կապված ծառայությունների որակի բարելավման հետ։

Դատարանի վճռի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը չի ներկայացրել որևէ ապացույց, որ վճարների բարձրացումը միտված է եղել փողոցների բեռնաթափմանը կամ կայանման պայմանների բարելավմանը։ Ավելին՝ դատարանը շեշտել է, որ վարչական մարմինները, նույնիսկ ունենալով որոշումների կայացման ազատություն, պետք է պահպանեն Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները, հավասարության սկզբունքը և կանխեն կամայական որոշումներ։

Ըստ դատարանի մեկնաբանության՝ «կարմիր գծերով» վճարները խախտել են համաչափության սկզբունքը, քանի որնվճարի չափը և դրա նպատակը արդարացիորեն հավասարակշռված չեն։  Վարչական որոշումները պետք է համապատասխանեն օրենքին թե՛ բովանդակությամբ, թե՛ ձևով։

Հիշեցնենք, որ այս գործը դատարան էր ներկայացրել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը՝ վիճարկելով վճարի վերաբերյալ որոշման որոշ կետեր։ Թեև վարչական դատարանը չի բավարարել նրանց պահանջը՝ ամբողջությամբ անվավեր ճանաչելու այդ դրույթները, բայց իր որոշմամբ փաստացի հաստատել է, որ քաղաքապետարանը խախտել է օրինականության մի շարք սկզբունքներ։

Սեդա Մարտոյան