ՀայաստանՍոցիալական

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել հողաշերտի փլվածք․ ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է

Մայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։

Փլվածքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 մ երկարությամբ և մոտ 3 մ լայնությամբ հողաշերտի փլվածք՝ վնասելով ավտոճանապարհի մեկ գոտի։

Ներկա պահին ճանապարհահատվածում առկա են ճաքեր և կրկնակի փլուզման վտանգ, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները սահմանափակել են երթևեկությունը։

Տեղում շարունակվում են աշխատանքները՝ ապահովելու երթևեկության անվտանգությունը։