
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջարկել է նախարարությունները տեղափոխել մարզեր
Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց առաջարկ՝ Երևանի խցանումները մեղմելու և մարզերի զարգացման համար նախարարությունները տեղափոխել տարբեր մարզեր։
Նա ընդգծեց, որ նախարարությունները պետք է տեղակայվեն ոչ թե մարզկենտրոններում, այլ տվյալ մարզի երկրորդ քաղաքներում, ինչը կբարձրացնի մարզերի տնտեսական ու սոցիալական ակտիվությունը և կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը։
Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ օրինակ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կարելի է տեղափոխել Կոտայք, Ֆինանսների նախարարությունը՝ Արագածոտնի մարզ, Պաշտպանության նախարարությունը՝ ամբողջ կազմով Սյունիք, Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Գեղարքունիք, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Շիրակ, Էկոնոմիկայի նախարարությունը՝ Արմավիր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Տավուշ, առողջապահության նախարարությունը՝ Լոռու մարզ։
Պատգամավորը նաև առաջարկեց մայրաքաղաքը բեռնաթափելու նպատակով բարձրագույն ուսումնական բոլոր հաստատությունները կենտրոնացնել Ակադեմիական քաղաքում և տեղափոխել նաև խոշոր առևտրի կենտրոնները։
Սերգեյ Բագրատյանը համոզված է, որ այս քայլերը կօգնեն նվազեցնել արտագաղթը մարզերից, կաշխուժացնեն սահմանամերձ գյուղերի կյանքը և կնպաստեն համաչափ տարածքային զարգացմանը։