
ԶՊՄԿ-ն 4.7 միլիարդ դրամի պահանջ է ներկայացրել գործադուլին մասնակցած աշխատակիցների դեմ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) դատարան է դիմել՝ հունվարի 31-ից մինչև փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում գործադուլին մասնակցած ութ նախկին աշխատակցից` պահանջելով շուրջ 4.7 միլիարդ դրամ որպես վնասի փոխհատուցում։ Գործը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Բացի այդ, ընկերությունը պահանջել է այդ անձանցից բռնագանձել նաև 25 միլիոն դրամ՝ որպես պետական տուրքի փոխհատուցում, և 2.5 միլիոն դրամ՝ փաստաբանի ծառայության վարձի հատուցման համար։ Գործադուլավորների շահերը ներկայացնող փաստաբան Հրայր Խաչատրյանը տեղեկացրել է, որ վերոնշյալ ութ անձանց գույքի վրա դրվել է արգելանք, բացառությամբ բանկային հաշիվների։
Խաչատրյանի խոսքով՝ գործադուլի ընթացքում կոմբինատի աշխատանքը չի դադարեցվել։ Ըստ նրա՝ հազարավոր աշխատակիցներ չեն միացել բողոքի ակցիային և շարունակել են աշխատանքը՝ ապահովելով արտադրության բնականոն ընթացքը։ Նախկին աշխատակիցներն իրենց հերթին դիմել են դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքային իրավունքները։
Հունվար-փետրվար ամիսներին անցկացված գործադուլն ուղղված էր աշխատավարձերի բարձրացմանը։ Մասնակիցները պահանջում էին միջինը 120-150 հազար դրամով ավելացնել աշխատավարձերը, հատկապես այն բաժիններում, որտեղ զբաղվածները ներգրավված են արտադրական հիմնական գործընթացներում։ Փետրվարի 10-ին գործադուլը դադարեցվել է։ Աշխատակիցները հայտարարել են, որ հասել են պայմանավորվածության՝ ընկերության ղեկավարության հետ բարձրացված հարցերը լուծելու վերաբերյալ։