ՀայաստանՍոցիալական

Պետական անշարժ գույքը պետական մարմիններին, ՊՈԱԿ-ներին, հիմնադրամներին կմատուցվի վարձակալությամբ

Նախատեսվում է պետական մարմիններին, ՊՈԱԿ-ներին, հիմնադրամներին և այլ կառույցներին պետական անշարժ գույքը տրամադրել վարձակալությամբ՝ կառավարության սահմանած կարգով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ գործող՝ անհատույց տրամադրման համակարգը տարիների ընթացքում հանգեցրել է գույքի թերի, ոչ նպատակային կամ ընդհանրապես չօգտագործման դեպքերի։ Նրա խոսքով՝ վարձակալության նոր մոդելը նպատակ ունի լուծել համակարգային այս խնդիրները՝ ամրապնդելով վերահսկողությունն ու թափանցիկությունը։

Վարձավճարները կվճարվեն պետական բյուջեից և կուղղվեն բյուջե, ինչը, ըստ նախարարի, լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջացնի շահառու կառույցների համար։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախագծում կարևորեց ծախսերի հաշվառման և թափանցիկության ապահովման գործոնը՝ նշելով, որ պետական աջակցության հիմքով տրամադրվող գույքի արժեքը ներկայում չի հաշվարկվում և այս մեխանիզմը թույլ կտա հստակ գնահատել ծախսերը։