Լուծարվող կազմակերպություններում անհուսալի վարկ ունեցողները նույնպես կօգտվեն պետական աջակցությունից
Հայաստանում իրականացվել են մի շարք փոփոխություններ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում։ Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նոր կարգավորումներով նախատեսվում է ընդլայնել ծրագրի շահառուների շրջանակը։
Այսուհետ աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև այն վարկառուները, ովքեր ունեն անհուսալի վարկեր լուծարվող կազմակերպություններում։ Բացի այդ, ծրագրի շահառու կարող են հանդիսանալ Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների աշխատողները՝ սահմանված պայմաններին համապատասխանելու դեպքում։
Նախարարությունը պարզաբանում է, որ արդեն դիմում ներկայացրած և աշխատող չհանդիսանալու հիմքով մերժում ստացած Պաշտպանության նախարարության աշխատողների դիմումները կվերանայվեն ինքնաշխատ կարգով, և նոր դիմում ներկայացնելու կարիք չի լինի։ Իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատողները կարող են դիմել ծրագրին այն բանից հետո, երբ կհաստատվի ծրագրային ապահովումը։
Ծրագրում կատարվել են նաև այլ հստակեցումներ՝
— Սահմանվել են դիմումների մերժման հիմքերը։
— Հղիության, ծննդաբերության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից հետո աշխատանքի վերադարձած անձինք կկարողանան դիմել և շարունակել ստանալ աջակցություն։
— Կարգավորվել են վարկավորողներին շահառուների տվյալների տրամադրման գործընթացները։
— Հստակեցվել են շահառուի կարգավիճակը դադարելու պայմանները. մասնավորապես, եթե շահառուի եկամտային հարկի չափը երեք ամիս անընդմեջ կազմում է 18,750 դրամից պակաս, ապա աջակցությունը կդադարեցվի։
Նշվում է, որ աջակցության ծրագրից կարող են օգտվել այն անձինք, որոնց բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1 մլն դրամը, և այդ վարկերը առնվազն 3 տարի դասակարգված են որպես անհուսալի վարկեր։ Դիմելու պահին պարտադիր է ունենալ գրանցված զբաղվածություն։
Աջակցության չափը հաշվարկվում է որպես աշխատավարձից գանձվող եկամտային հարկի գումարի չափով և ուղղվում է շահառուի անհուսալի վարկային պարտավորությունների մարմանը։ Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով, սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։
