
Արամ Ղազարյանը կգլխավորի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը կդառնա Հայաստանի ոստիկանության նոր պետը։ Վերջինս մի քանի ժամ առաջ հայտարարեց մարզպետի պաշտոնից իր հրաժարականի մասին՝ նշելով, որ դադարեցնում է քաղաքական և կուսակցական գործունեությունը՝ պայմանավորված այլ աշխատանքի անցնելու հանգամանքով։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ազատվել է պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։
Արամ Ղազարյանը տարիներ շարունակ աշխատել է ներքին գործերի համակարգում՝ ղեկավարելով Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ոստիկանության բաժինները։ 2023 թվականին զբաղեցրել է «Երևան ՋԷԿ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2024-ի հունվարին նշանակվել է Լոռու մարզպետ։