
Մեկնարկել է «Արդար աշխատանքը՝ դեպի սոցիալական արդարադատության ուղի» միջազգային կոնֆերանսը
Արդար աշխատանքի, կանանց աջակցման, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները քննարկելու համար նոյեմբերի 5-ին Երևանում մեկնարկել է «Արդար աշխատանքը՝ դեպի սոցիալական արդարադատության ուղի» միջազգային կոնֆերանսը։ Համաժողովի հիմնական բանախոսը Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին է։
Համաժողովի թեմաները տարբեր են։ Անդրադարձ է արվելու երեխաների աշխատանքին ու կրթությանը։ Որոշակի քայլեր են ձեռնարկվելու երեխաների աշխատանքը վերացնելու համար։ Ըստ այդմ՝ կարևորվում է նաև կանանց դերը երեխաներին բռնությունից և շահագործումից պաշտպանելու գործում։
Միջոցառման ժամանակ քննարկվելու են նաև կանանց հզորացման ծրագրերը։ Կանանց ձեռնարկատիրության և բարձր արտադրողականության ոլորտներում զբաղվածությունը խթանելու և աջակցության մեխանիզմներ են ձեռնարկվելու։
Անդրադարձ է արվելու նաև համաշխարհային և հայաստանյան աշխատաշուկայի շարունակական մարտահրավերներին։ Միջոցառման վերջում տեղի է ունանելու սոցիալական աշխատողների պարգևատրման արարողություն։