Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ փակ են
Հայաստանի Հանրապետության տարածքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մի շարք ավտոճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
Մասնավորապես, Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գնդեվազ–Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բքի պատճառով։
Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ և Սիսիան քաղաքներ տանող ճանապարհները, Նոյեմբերյան–Ջուջևան, Նորավան–Կապան ավտոճանապարհները, ինչպես նաև Տիգրանաշենի ոլորանների Երասխ–Զանգակատուն հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Ստեփանավանի ոլորանները, Բերդ–Ճամբարակ ավտոճանապարհը, Մ-4 ավտոճանապարհից դեպի Հաղարծին և Պարզ լիճ հատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մի շարք մարզերի և տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից), Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի և Լոռու մարզերում, ինչպես նաև մի շարք բնակավայրերում տեղում է ձյուն։ Սարավան–«Զանգեր» հատվածում և Ջերմուկ քաղաքում դիտվում է բուք։
Փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային անվտանգության կանոնները։
