
Վերամեկնարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալական աջակցության ծրագիրը
2025 թվականի հունիսի 1-ից սկսած՝ Հայաստանի կառավարությունը վերամեկնարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղված լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագիրը։
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցությունը կկազմի 40,000 դրամ, որին կավելանա 10,000-ական դրամ՝ ընտանիքի յուրաքանչյուր լրացուցիչ անդամի համար՝ սկսած երկրորդ անդամից։
Ովքե՞ր կարող են օգտվել ծրագրից
• Ընտանիքները, որոնք չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում։
• Այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվով եկամուտը չի գերազանցում 55,000 դրամը։
• Ընտանիքները, որոնց անդամները չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության իրավունք նույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ։
• Ընտանիքները, որոնց անդամները չունեն 2017 թվականից հետո արտադրված ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։
Նշենք, որ 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի մարտ ամիսը ներառյալ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 քաղաքացիների տրամադրվել է ամսական 40,000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու, և 10,000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվում են նաև աշխատանքի տեղավորման ծրագրեր։ Պետական աջակցության ծրագրերի շրջանակում արդեն աշխատանքի է տեղավորվել ավելի քան 5,000 անձ։