
Միանվագ 1 միլիոն դրամ կստանան 100 տարին լրացած կենսաթոշակառուները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի համաձայն՝ 100 տարին լրացած կենսաթոշակառուները կստանան 1 միլիոն դրամի չափով միանվագ դրամական աջակցություն։ Աջակցությունը հասանելի կլինի այն տարեցներին, ովքեր ունեն կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք և այն ստանում են անկանխիկ եղանակով։ Իսկ եթե շահառուն դրամը ստանում է կանխիկ, ապա աջակցությունը կտրամադրվի՝ վճարման եղանակը փոխելուց հետո։
Սակայն կառավարության առաջարկվող աջակցության տրամադրումը չի տարածվում այն 100-ամյա քաղաքացիների վրա, ովքեր արդեն իսկ ստացել են նման աջակցություն Երևանի քաղաքապետարանի կողմից։
Նշենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից Երևանի ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքում վերջին հինգ տարիներին հաշվառված բոլոր 100-ամյա բնակիչներին քաղաքային բյուջեից նույնպես հատկացվում է 1 միլիոն դրամ աջակցություն։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր ավելի վաղ, որ 2018-2023 թվականներին Երևանում իրենց 100-ամյակը նշել է 177 բնակիչ։ Այս տվյալների հիման վրա՝ աջակցությունից տարեկան կարող է օգտվել շուրջ 30 տարեց քաղաքացի։ Տվյալ ծրագրի բյուջեն տարեկան կկազմի մոտ 30 միլիոն դրամ։