
Երևանի մետրոյի նոր կայարանի շինարարությունը կմեկնարկի 2025-ի վերջին կամ 2026-ի սկզբին
«Աջափնյակ» կայարանի նախագիծը, որը կդառնա Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանը, գտնվում է մշակման վերջին փուլում։ Շինարարության մեկնարկը նախատեսվում է 2025 թվականի վերջում կամ 2026-ի սկզբին։ Այս մասին հայտնել է Երևանի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը՝ ելույթ ունենալով ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովում։
Նախագծի արժեքը գնահատվում է շուրջ 250 միլիոն դոլար, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը՝ մինչև 5 տարի։
Ներկայումս նախագիծը անցնում է համալիր պետական փորձաքննություն։ Միաժամանակ Երևանի քաղաքապետարանը ֆինանսավորման հայտ է ներկայացրել կառավարությանը։ Քննարկվում են ինչպես ուղիղ բյուջետային ֆինանսավորման, այնպես էլ փոխառու միջոցների ներգրավման հնարավորությունները։
«Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին։ Նախագծումը իրականացնում է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։