ՀայաստանՍոցիալական

Երևանի քաղաքապետարանը կվերանայի «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել ՀՀ կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրային հարաբերությունները։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ներկայացնելով մայրաքաղաքի կոմունալ ոլորտում առկա խիստ լարված իրավիճակը։

Քաղաքապետի խորհրդականը հայտարարեց, որ քաղաքապետի ստորագրությամբ 6 կետից բաղկացած նամակ են ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել, կարգավորել «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրային հարաբերությունները: Բազմաթիվ նորակառույց շենքերում տեղադրված պոմպակայանները չեն հանձնվել պետությանը և դարձել են վեճերի պատճառ բնակիչների շրջանում։ Նորաշեն թաղամասում մասնավոր կառուցապատողը կոպտորեն խախտել է շինարարական նորմերը՝ անձրևաջրերի հոսքը միացնելով կոյուղուն առանց «Վեոլիա ջրի» թույլտվության, ինչը հանգեցրել է լուրջ վթարների։ Արեյանը փաստեց՝ խնդիրները խորանում են, քանի որ հաճախ քաղաքացիների բողոքները հասցեագրվում են ոչ թե պատասխանատու կառույցներին, այլ քաղաքապետարանին։

Սակայն կառուցվածքային խնդիրներ կան նաև «Վեոլիա ջուր» ընկերության մոտ։ 2016 թվականին ընկերությանը վարձակալության տված գույքի ցանկը թերություններով է եղել, նորակառույց շենքերը և այնտեղ տեղադրված պոմպակայանները հաճախ նրանց սպասարկման տիրույթից դուրս են գտնվում։ Որոշ տեղերում էլ կոյուղաջրերն են անկառավարելի դառնում։ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում 3 դեպք է գրանցվել, երբ կոյուղաջրերը լցվել են նկուղ։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի վերանորոգվող 95 մանկապարտեզում էլ է նմանատիպ խնդիր գրանցվել։

Կամո Արեյանի խոսքով, խնդիրները լուծելի են, սակայն գնալով խորանում են հակասությունները և լարվածությունը։