ՀայաստանՍոցիալական

Հայաստանում ապրում է շուրջ 75 հազար ներգաղթյալ․ երկրում շարունակվում է ներգաղթի հոսքը Մերձավոր Արևելքից և հետխորհրդային երկրներից

2025 թվականի հունվարի դրությամբ Հայաստանում ապրում է շուրջ 75․000 ներգաղթյալ, ինչն առանձնապես բարձր թիվ է երկրի ընդհանուր՝ 2,9 միլիոնանոց բնակչության համատեքստում։ Այս տվյալները հրապարակել է Global Relocate հանդեսը, որի վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 23-րդ տեղը։

Հարևան Վրաստանում, որը ունի մոտ 3,8 միլիոն բնակչություն, ներգաղթյալների թիվը կազմում է ընդամենը 2 հազար մարդ։ Ըստ նույն աղբյուրի՝ ներգաղթյալների թվով առաջինը ԱՄՆ-ն է՝ մոտ 1,3 միլիոն մարդով։

Հայաստանում ներգաղթի հոսքն ունի տարբեր ուղղություններ։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ շարունակվում է ներգաղթը Միջին Արևելքի երկրներից, մասնավորապես Սիրիայից, Լիբանանից և Իրանից, թեև այդ համայնքներն այժմ փոքրաթիվ են և հոսքը դանդաղ տեմպերով է ընթանում։ Հոսք կա նաև Ռուսաստանից և Ուկրաինայից, իսկ սփյուռքի համայնքներում նկատվում են դեմոգրաֆիական փոփոխություններ․ օրինակ՝ Լոս Անջելեսում և Եվրոպայի տարբեր երկրներում նկատելի է դարձել ռուսահայերի և ուկրաինաահայերի թվի աճը։

2024 թվականին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը իրականացրել է երկու հիմնական ծրագիր՝ «Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիր» և «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավման ծրագիր»։ Նշված ծրագրերի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր 877 միլիոն 55 հազար դրամ։

Սինանյանի խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանում է արդյունավետ օգտագործել Սփյուռքի ողջ ներուժը՝ պետականաշինության, անվտանգության ու բարգավաճման համար, անհրաժեշտ են հաստատուն և լուրջ ներդրումներ։