
Միևնույն հաստիքում աշխատող անձինք տարբեր չափերի աշխատավարձ են ստանում
Մարդու իրավունքների պաշտպանը արձագանքել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատակիցների իրավունքների խախտումներին։ Ինչպես հայտնում են պաշտպանի գրասենյակից 2025 թվականի փետրվարի 6-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մեկնել են Սյունիքի մարզ՝ տեղում ուսումնասիրելու կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացված աշխատանքային իրավունքների և պայմանների խնդիրները։
Աշխատակիցներն արտահայտել են մտահոգություններ՝ կապված վնասակար և ոչ անվտանգ աշխատանքի պայմանների հետ՝ նշելով, որ՝
— արտադրամասերի համապատասխան կառույցներում բացակայում են պատշաճ օդափոխության, հովացման և ջեռուցման համակարգեր,
— գերազանցվում են վիբրացիայի, փոշու, աղմուկի և խոնավության նորմերը,
— ցնցուղների անբավարարության պատճառով լոգարանի ծառայություններից օգտվում են կա՛մ մի քանի հոգով, կա՛մ էլ սպասում են մեծ հերթերում,
— միևնույն հաստիքում աշխատող անձինք ստանում են տարբեր աշխատավարձեր, ինչը առաջացնում է լարվածություն նրանց շրջանում։
Բարձրացված խնդիրները ուղարկվել է համապատասխան տեսչական մարմիններ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Պարզվել է, որ խախտվել են աշխատակիցների իրավունքները, մասնավորապես՝ աշխատավայրում խտրականության, աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանների, աշխատաժամանակի և այլնի հետ։
Տեսչական մարմնի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի մարտի 19-ին արձանագրված խախտման հիման վրա սկսվել է վարչական վարույթ։ Դրա արդյունքում՝ 2025 թվականի ապրիլի 15-ին որոշում է կայացվել ընկերության պատասխանատու աշխատակցին վարչական տույժի ենթարկել։ Ըստ ստացված տվյալների՝ տուգանքը վճարվել և փոխանցվել է պետական բյուջե։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ավելի քան 700 աշխատակիցներ գործադուլ են սկսել։ Նրանք պահանջել են աշխատավարձերի 50% բարձրացում (մոտ 130-150 հազար դրամով) և աշխատակիցների ու վերադասի միջև բաց երկխոսության ապահովում։
Աշխատակիցները բողոքել են ինչպես սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունից, այնպես էլ աշխատանքային պայմաններից։