ՀայաստանՍոցիալական

Դիլիջանում կկառուցվի նոր թունել՝ գործողի փոխարեն

Դիլիջանում նախատեսվում է նոր թունելի կառուցում՝ գործող թունելի կողքով։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ արդեն ընդունվել է որոշում՝ Դիլիջանի ներկայիս թունելի փոխարեն կառուցել նոր՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող թունել։

Նախարարի խոսքով՝ սկզբնական փուլում դիտարկվել է գործող թունելի հիմնանորոգման տարբերակը, ինչը կնշանակեր նաև Սեմյոնովկայով անցնող ճանապարհի արդիականացում՝ միջպետական ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով։ Սակայն այս տարբերակը գնահատվել է որպես ժամանակավոր լուծում, քանի որ թունելի շահագործումից հետո երթևեկության հիմնական հոսքը միևնույնն է՝ թունելով է իրականացվելու։ Արդյունքում, այն ֆինանսապես համարժեք է եղել նոր թունելի կառուցման տարբերակին։

Այս պահին ընթանում է նոր թունելի նախագծման գործընթացը։ Թեև դրա ճշգրիտ տեղորոշումը դեռ քննարկման փուլում է, սակայն կառուցման մասին վերջնական որոշումը արդեն կայացված է։

Մինչ այդ, գործող թունելում կիրականացվի ընթացիկ նորոգում՝ երթևեկության հնարավորության պահպանումն ապահովելու նպատակով։ Նոր թունելի շահագործումից հետո ներկայիս թունելը կվերածվի վթարային ելքի, ինչը զգալիորեն կբարձրացնի երթևեկության անվտանգության մակարդակը։

Սեդա Մարտոյան