ՀայաստանՍոցիալական

Երևանում մի շարք բենզալցակայաններ կապամոնտաժվեն

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ապամոնտաժել այն բենզալցակայանները, որոնք չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին կամ չունեն պատշաճ իրավական փաստաթղթեր։ Այդ գործընթացը կվերաբերի միայն այն օբյեկտներին, որոնք առարկայական խախտումներ ունեն։

Միևնույն ժամանակ, քաղաքապետարանից հայտնում են, որ մեղմ կվերաբերվեն այն տնտեսվարողներին, որոնք հայտնվել են խնդիրների մեջ ոչ իրենց մեղքով, այլ պետական քաղաքականության փոփոխությունների հետևանքով։ Օրինակ՝ կան բենզալցակայաններ, որ նախկինում գրանցված են եղել, հետո կադաստրն ինչ-որ մի կետից սկսել է պահանջել գրանցել ծածկը, և այն ժամանակ, երբ ծածկը չի պահանջվել, հիմա որպես ինքնակամ է դիտվում: Այսինքն՝ իրավական առումով նրանք մեղավոր չեն, մենք ինչ-որ քաղաքականություն ենք փոխել, և իրենք հայտնվել են այդ դաշտում:

Քաղաքապետարանը հանդիպել է Բենզալցակայանների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ և պայմանավորվել է, որ բոլոր այն բենզալցակայանները, որոնք չունեն նորմատիվային խախտումներ կամ հայտնվել են խնդրահարույց կարգավիճակում միայն օրենսդրական փոփոխությունների պատճառով, կստանան համապատասխան թույլտվություններ։ Իսկ խախտումներ ունեցող բենզալցակայանների պարագայում քննարկվում է հողի փոխանակման տարբերակը՝ որպես հնարավոր լուծում։

Հիշեցնենք, որ 2023 թվականին ապամոնտաժվել է 25 բենզալցակայան, որից 6-ը՝ Արաբկիր վարչական շրջանում, 5-ը՝ Կենտրոն վարչական շրջանում, 3-ը՝ Աջափնյակ, 3-ը՝ Նոր Նորք, 3-ը՝ Շենգավիթ, 2-ը՝ Էրեբունի, 2-ը՝ Մալաթիա, 1-ը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Այդ մասին զեկուցվեց Երևանի ավագանու նիստին:

2024 թվականին Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ կա 242 բենզալցակայան, որից 40-ն ունի քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ խնդիրներ։