
Նոր ծրագիր անապահով ընտանիքների համար. սովորիր, աշխատիր, ստացիր աջակցություն պետությունից
Հունիսի 12-ին Կառավարությունը հաստատեց մի ծրագիր, որի նպատակն է խթանել անապահովության համակարգում ներառված ընտանիքների աշխատունակ անդամների տնտեսական ակտիվությունը։
Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի խոսքով՝ նախաձեռնությունն ուղղված է նրանց, ովքեր թեև անապահով են ճանաչվել, սակայն ունեն աշխատելու և մասնագիտական զարգացման ներուժ։
Ծրագիրը նախատեսում է գործատուների համար աջակցություն՝ այն դեպքում, երբ վերջիններս պատրաստ են աշխատանքի վերցնել անապահով խմբին պատկանող անձանց։ Աջակցության ձևերը երեքն են։
1.Ուսուցում և աշխատանքի ընդունում։
Եթե նոր աշխատակցին անհրաժեշտ է նախապես վերապատրաստում, ապա պետությունը կփոխհատուցի ուսուցման ծախսերը՝ մինչև 250,000 դրամի սահմանում։
Բացի այդ, եթե գործատուն կնքի նվազագույնը 6 ամսվա պայմանագիր, ապա 6 ամիս շարունակ կստանա ամսական մինչև 50,000 դրամ՝ որպես հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում։
2.Աշխատանքային փորձի ապահովում։
Այս տարբերակում գործատուն տրամադրում է մինչև 3 ամսվա փորձառություն, որի ընթացքում շահառուն կարող է ձեռք բերել համապատասխան հմտություններ։
Փորձաշրջանի ավարտին, պայմանագրի կնքման դեպքում, գործատուն կրկին կարող է ստանալ պետական աջակցություն՝ ամսական մինչև 50,000 դրամ։
3.Ուղիղ աշխատանքի ընդունում
Երրորդ տարբերակում նախատեսվում է պարզապես աշխատանքի ընդունում՝ առանց նախնական վերապատրաստման։ Այս դեպքում գործատուն կստանա անապահով աշխատողի աշխատավարձի սուբսիդավորում։
Ծրագրի շրջանակում հատկացված աջակցությունը պայմանավորված է գործատուի կողմից վերցված պարտավորություններով։ Եթե այդ պարտավորությունները չկատարվեն, ապա տրամադրված գումարները կվերադարձվեն պետբյուջե։
Ծրագիրը մշակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
Նախաձեռնությունը փորձնական փուլում կիրականացվի Կոտայքի և Սյունիքի մարզերում։