
Վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով․ ժամկետը խախտած դատավորներն էլ կենթարկվեն պատասխանատվության
ՀՀ կառավարությունն առաջարկում է վերաքննիչ բողոքները քննել գրավոր ընթացակարգով: Այս մասին հունիսի 12-ին կառավարության նիստում հայտնեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով այդ նախագծի մանրամասները։ Նրա խոսքով՝ քրեական դատավարության գրավոր ընթացակարգը նորություն չէ և այժմ էլ կան վարույթներ, որոնք քննվում են գրավոր ընթացակարգով։ Այդ վարույթների ցանկին ավելանում է վերաքննության վարույթը ամբողջությամբ։
Նախագծի համաձայն՝ վերաքննիչ բողոքները կքննարկվեն բացառապես գրավոր, բացառությամբ որոշ դեպքերի, երբ դատարանը կողմերի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կհամարի անհրաժեշտ բանավոր քննությունը։ Նման դեպքերում դատավորները պարտավոր կլինեն հիմնավորել իրենց որոշումը։
Սրբուհի Գալյանի խոսքով՝ նոր մոտեցումը կթեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը և կնպաստի բողոքների ավելի արագ և արդյունավետ քննությանը։
Հաջորդ քայլով վերաքննիչ բողոքների քննության ժամկետը սահմանվում է 6 ամիս, որը դատարանի հիմնավորմամբ միայն մեկ անգամ կարող է երկարաձգվել՝ մինչև 4 ամիս ժամկետով։
Եթե նշված ժամկետը սպառվի, իսկ դատավարությունն ավարտված չլինի, դատավորը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության։
Նա նաև հայտարարել է, որ Քաղաքացիական դատարաններում գործերի քննության տեմպերն էականորեն բարելավվել են՝ շնորհիվ այն կարգավորման, որով մինչև 200 հազար դրամ գումարի բռնագանձման պահանջները հանձնարարվում են նոտարներին։
Քաղաքացիները կարող են դիմել վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու առաջին ատյանի դատարանի որոշումները, որոնք իրենց համար անբարենպաստ են: