
Ուժեղ քամին ավերել է տանիքներ, մեքենաներ ու էլեկտրական սյուներ Արագածոտնի մարզում. կա չորս տուժած
Հունիսի 15-ին ուժեղ քամին մեծ ավերածություններ է հասցրել Արագածոտնի մարզում։ Ապարան քաղաքում և Լուսագյուղ գյուղում քամին պոկել է տանիքներ, տապալել ծառեր ու վնասել տրանսպորտային միջոցներ։ Ըստ Առողջապահության նախարարության նախնական տվյալներi` կա 4 տուժած։
ՆԳՆ փրկարար ծառայության տվյալներով՝ ժամը 21։00-ի դրությամբ վնասվել է 43 շենք-շինության տանիք, 22 մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենա։ Տապալվել է 21 ծառ, վնասվել են 17 էլեկտրական սյուն և 3 արևային կայան։
Պտտահողմի հետևանքով առավելապես տուժել է Լուսագյուղը։
Փրկարարներն աշխատում են միջադեպերի հետևանքների վերացման ուղղությամբ։ Մարզում գործում են հրշեջ-փրկարարական խմբերն ու ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ կազմը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 14-ի երեկոյան, Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ուժգին քամին ու կարկուտը մի քանի ժամում հսկայական վնաս են հասցրել՝ հիմնական հարվածը բաժին հասցնելով Արթիկ քաղաքին ու շրջակա գյուղերին։