
Վերին Լարսում խցանումներ են. հարյուրավոր բեռնատարներ կանգնած են, ապրանքը վնասվում է
Հունիսի 18-ի առավոտից Հայաստանից Ռուսաստան ուղևորված բեռնատարները շարունակում են կուտակվել Վերին Լարսի անցակետում։ Վարորդների խոսքով՝ հայկական և վրացական սահմանները հատելիս խոչընդոտներ չեն եղել, իսկ ռուսական կողմում բեռնափոխադրումների ընթացքը արհեստականորեն ձգձգվում է։
Վարորդները հայտնում են, որ անցակետում բացակայում են հստակ կանոնները: Մի մասը ժամերով սպասում է առանց բացատրության, իսկ մյուսներին վերադարձնում են՝ առանց փաստաթղթերի։
Տեղաշարժման անորոշության պայմաններում տոննաներով միրգ՝ հատկապես ծիրան, պահվում է առանց անհրաժեշտ սառեցման, ինչի հետևանքով այն սկսում է փչանալ։ Վառելիքի սպառման պատճառով սառցախցիկները դադարել են աշխատել, իսկ բեռնատարներին չեն թույլատրում լիցքավորվել կամ դուրս գալ տարածքից։ Այս պահին ռուսական անցակետում կուտակված բեռնատարների թիվը գերազանցում է 200-ը։