ՀայաստանՍոցիալական

Անհետ կորածների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան

Անհետ կորած զինծառայողների հարազատները հունիսի 18-ից փակել են Երևանի Բաղրամյան պողոտան։ Նրանք ցանկանում են հանդիպել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանի հետ, որպեսզի խոսեն իրենց հարազատների որոնման աշխատանքների մասին։ Բաղրամյան պողոտան երկկողմանի փակ է։ Ծնողներն այնտեղ են գիշերել, նշելով, որ մինչ այս պահը ոչ մի պատգամավոր նրանց չի մոտեցել, բացառությամբ Թագուհի Թովմասյանի։

Ծնողները մտահոգ են, որ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի հեռանալով գործընթացը կարող է դադարել կամ մտնել փակուղի։ Նրանք հիշեցնում են, որ Աբազյանը ղեկավարում էր անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը և հավաստիացրել էր, որ մինչեւ վերջ իրենց կողքին է լինելու։

Հունիսի 19-ին նրանց հետ հանդիպելու է գնացել ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Ծնողները նրան փոխանցել են իրենց պահանջը՝ կազմակերպել հանդիպում ԱԱԾ նոր ղեկավարի հետ։

Նախօրեին Բաղրամյան պողոտա էին ժամանել ԱԱԾ հակահետախուզության վարչության պետ Դավիթ Սանամյանը և փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը, սակայն հանդիպումը ծնողների հետ արդյունք չէր տվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԱԱԾ տնօրենի փոփոխության մասին, հայտարարել էր, որ դա չի կարող որևէ բան փոխել, քանի որ գործում է ինստիտուցիոնալ կառուցվածք, և բոլոր գործընթացները շարունակվելու են։