ՀայաստանՍոցիալական

Աշխատանք առանց փորձի. կառավարությունը աջակցություն կտրամադրի գործատուներին

Գործատուները, որոնք կընդունեն աշխատանքի անապահով անձանց, կառավարությունից կստանան ամսական 73 հազար դրամ աջակցություն յուրաքանչյուր նոր աշխատողի համար։ Ծրագիրը նախատեսված է այն կազմակերպությունների և վարչական շրջանների համար, որոնք գործունեություն են ծավալում քաղաքաշինության, ենթակառուցվածքների պահպանման, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում։

Կառավարության նախաձեռնած այս ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն չի պահանջում մասնագիտական կրթություն կամ նախորդ աշխատանքային փորձ։ Ըստ այդմ, հնարավորություն է տրվում նաև այն մարդկանց, որոնք դժվարությամբ են գտնում աշխատանք՝ մասնագիտության կամ փորձի բացակայության պատճառով։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանի խոսքով՝ եթե գործատուն պայմանագիր կնքի կառավարության կողմից անապահով ճանաչված քաղաքացու հետ, ապա յուրաքանչյուր աշխատակցի համար նա օրական կստանա 3 500 դրամ պետական աջակցություն։ Սա ամսական կազմում է մոտավորապես 73 հազար դրամ։ Ծրագրի տևողությունը սահմանված է երեքից մինչև տասներկու ամիս՝ կախված աշխատանքների բնույթից ու պայմանագրի տևողությունից։

Գործատուների կողմից ծրագրային առաջարկ ներկայացնելու համար պահանջվում է, որ տվյալ կազմակերպությունը կամ վարչական միավորը տվյալ ոլորտում գործած լինի առնվազն երեք տարի և ունենա տարեկան առնվազն 10 աշխատող։

Նախաձեռնությունը դիտարկվում է որպես սոցիալական աջակցություն, որի միջոցով հնարավոր կլինի թե՛ թեթևացնել գործատուների հարկաբեռնվածությունը, թե՛ նպաստել անապահով քաղաքացիների կայուն զբաղվածությանը։

Սեդա Մարտոյան