ՀայաստանՍոցիալական

Վաղարշապատն ու Խոյը կդառնան մեկ համայնք․ ավագանու ընտրությունները նախատեսվում են նոյեմբերի 16-ին

Կառավարության հունիսի 20-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ ձևավորվելու է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջ։ Նոր միավորումը կներառի Վաղարշապատ համայնքն ու Խոյ համայնքը՝ կազմում ընդգրկված 19 բնակավայրերով։

Ըստ նախարարի՝ այս քայլը միտված է բարելավելու տեղական կառավարման արդյունավետությունը և հաջորդում է վարչատարածքային բարեփոխումների ընթացքին։ Միավորված համայնքների կառավարման գործընթացում նախատեսվում է նաև լիազորությունների ապակենտրոնացում։

Նախագծով սահմանվում է, որ միավորվող համայնքների գործող ՏԻՄ մարմինների լիազորությունները կդադարեցվեն, և նորաստեղծ համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ։ Ընտրությունների օրը արդեն որոշված է՝ 2025 թվականի նոյեմբերի 16-ին։ Երբ նորընտիր ավագանին ստանձնի իր լիազորությունները, հաջորդ նիստերին կընդունվի նաև համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեն։

Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ Վաղարշապատը նախկինում արդեն ունեցել է միավորման փորձ՝ ներառելով Էջմիածին քաղաքը և մեկ գյուղական բնակավայր։ Սակայն ժամանակը ցույց է տվել, որ նման փոքր միավորները դժվարությամբ են կառավարվում, իսկ ֆինանսավորման՝ դոտացիոն համակարգը առավել նպաստում է բազմաբնակավայր համայնքներին։ Արդյունքում՝ որոշվել է համայնքների խոշորացումը շարունակել նաև այլ մարզերում։ Նախարարը հիշեցրեց, որ ներկայումս ՀՀ-ում կա 71 համայնք, որոնցից 64-ը՝ արդեն խոշորացված են, իսկ նոր միավորման արդյունքում թիվը կդառնա 70։

Նշենք, որ հունիսի 12-ին կայացած Վաղարշապատի ավագանու նիստը, որի ընթացքում նախատեսվում էր համայնքի ղեկավարի ընտրությունը, տապալվեց։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները նիստին չմասնակցեցին, ինչի հետևանքով քվորում չապահովվեց, և նիստը հետաձգվեց։

Սեդա Մարտոյան