
Բաղրամյան պողոտան բացվեց. անհետ կորած զինծառայողների հարազատները դադարեցրել են բողոքի ակցիան
Երեք օր շարունակ փակ պահելուց հետո անհետ կորած զինծառայողների հարազատները բացել են Բաղրամյան պողոտան և դադարեցրել բողոքի ակցիան։ Նրանք հայտնել են, որ հանդիպել են ԱԱԾ ներկայացուցչի հետ։
Հանդիպեցինք ԱԱԾ աշխատակից Դավիթ Սանամյանի հետ, բարձրացրինք մեր հարցերը, քննարկում ունեցանք։ Փոխըմբռնման արդյունքում որոշեցինք գնալ կոմպրոմիսի։ Առայժմ դադարեցնում ենք ակցիան, երթևեկությունը կվերականգնվի։ Խոստացել են առաջիկայում հանդիպում, և մեր բարձրացրած հարցն իրագործվելու է, – ասել է անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը
Հարազատների բողոքը նաև ուղղված էր ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությանը։ Վերջինս, ըստ նրանց, գործով զբաղվել է ակտիվորեն։
Հիշեցնենք, որ Արմեն Աբազյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել էր հունիսի 18-ին։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում շրջանցել էր լրագրողի հարցը՝ արդյոք պաշտոնանկությունը կապված էր գործարար Սամվել Կարապետյանի և Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ զարգացումների հետ՝ ընդգծելով միայն, որ Աբազյանը իր պաշտոնավարման ընթացքում ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրեն՝ 2020 թվականից սկսած, ու այժմ արժանի է «մի քիչ հանգստանալու»։