ՀայաստանՍոցիալական

Հայաստանի մարզերում կմեկնարկի ջրամատակարարման մեծածավալ ծրագիր

Հայաստանի մարզերում առաջիկայում կսկսվեն խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարելավման լայնածավալ աշխատանքներ։ Ծրագիրն իրականացվելու է միջազգային գործընկերների աջակցությամբ: Ընդհանուր ֆինանսավորումը գնահատվում է 435 միլիոն դոլար։

Ծրագիրը, որը կրում է «Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավում» անվանումը, տևելու է տասը տարի։ Առաջին փուլը նախատեսված է 2025–2031 թվականների համար։ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկն արդեն հաստատել է առաջին փուլի 80 միլիոն դոլարի վարկը։ Բացի այդ, ծրագրին ֆինանսական մասնակցություն կունենան նաև Եվրոպական միությունը, Ֆրանսիական զարգացման գործակալությունը և Հայաստանի կառավարությունը։

Աշխատանքները նախատեսվում են հատկապես գյուղական համայնքներում, որտեղ ամենախնդրահարույցն է խմելու և ոռոգման ջրի հասանելիության հարցը։ Ծրագիրը կներառի նաև համակարգերի արդիականացում, ջրային կառավարման բարեփոխումներ և ենթակառուցվածքների ամրապնդում։

Մասնագետների գնահատմամբ՝ ծրագիրը կարող է ոչ միայն լուծել ջրամատակարարման հին խնդիրները, այլ նաև նոր աշխատատեղեր ստեղծել և խթանել համայնքային զարգացումը։