ՀայաստանՍոցիալական

Երևանում փոխվում է երթևեկության կազմակերպումը. քաղաքապետարանը փորձում է առավելություն տալ հասարակական տրանսպորտին

Երևանի տարբեր հատվածներում վերջին օրերին վարորդները նկատել են երթևեկության որոշակի խտացումներ, ինչը կապված է մայրաքաղաքում իրականացվող երթևեկության կազմակերպման փոփոխությունների հետ։ Կենտրոն վարչական շրջանում մի շարք «A» գոտիներ են ավելացել, որոնք նախատեսված են միայն հասարակական տրանսպորտի համար։ Քաղաքապետարանից հայտնում են, որ քայլերն ուղղված են հասարակական տրանսպորտի առավել արդյունավետ և հասանելի դարձնելուն։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ փոփոխությունները կատարվել են՝ հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալու տրամաբանությամբ։

Դեռ 2024 թվականին քաղաքային իշխանությունները հայտարարում էին, որ սկբում ներկանյութով, հետո արդեն բետոնե սալիկներով կառանձնացվեն տրանսպորտի համար նախատեսված գծերը։ Ապագայում բետոնե արգելապատնեշներով դրանք կառանձնանան ընդհանուր երթևեկելի հատվածից։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ սա տրանսպորտի արագ տեղաշարժն ապահովելու կարևոր քայլերից մեկն է։