ՀայաստանՍոցիալական

Հայաստանը մեկ քայլով մոտենում է Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմին

Եվրոպական հանձնաժողովը առաջիկայում վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը կհղի ԵՄ անդամ պետություններին՝ համաձայնեցման նպատակով։ Ակնկալվում է, որ արդեն այս աշնանը ծրագիրը պաշտոնապես կփոխանցվի հայկական կողմին։

Այս մասին հայտնի է դարձել հունիսի 24-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որի շրջանակում եվրոպացի գործընկերները քննարկել են գործընթացի ընթացքը ՆԳՆ ղեկավար կազմի հետ։

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը Հայաստանին առաջարկվող փաստաթուղթ է, որը պարունակում է անհրաժեշտ պայմանների ու բարեփոխումների փաթեթ՝ առանց մուտքի վիզայի ԵՄ անդամ երկրների տարածք մեկնելու համար։

Նախնական փուլում Հայաստանը պետք է իրականացնի մի շարք կառուցվածքային փոփոխություններ՝ ներառյալ սահմանային վերահսկողության արդյունավետության բարձրացումը, միգրացիոն հոսքերի կառավարման հստակեցումը, ապօրինի միգրացիայի կանխարգելումը, տեղեկատվական համակարգերի ներդնումը և ոլորտային իրավապահ համագործակցության խորացումը։

Ներքին գործերի նախարարության համակարգմամբ արդեն մեկնարկել են որոշ բարեփոխումները․ մշակվում է Սահմանների համալիր կառավարման (IBM) հայեցակարգը, գնահատվում են ռիսկերն ու իրականացվում են տեխնիկական արդիականացման քայլեր։

Սեդա Մարտոյան