
Հուլիսի 1-ից մի շարք ծառայություններ այլևս չեն կարող գործել շրջանառության հարկի դաշտում
Հուլիսի 1-ից մի շարք մասնագիտությունների ներկայացուցիչներ այլևս չեն կարող գործել շրջանառության հարկման համակարգում և պարտավոր են անցնել ընդհանուր հարկման դաշտ։
Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ հիշեցնելով, որ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով որոշ մասնագիտություններում հնարավոր կլինի գործել միայն հարկման ընդհանուր համակարգում՝ որպես Ավելացված արժեքի հարկ վճարող։
Փոփոխությունները վերաբերում են տնտեսության այն ոլորտներին, որտեղ շրջանառության հարկի պարզեցված համակարգի միջոցով տարիներ շարունակ հնարավոր էր խուսափել իրական հարկային պարտավորություններից։ Մասնավորապես, հարկային օրենսդրության վերջին փոփոխություններով, շրջանառության հարկից հանվել են իրավաբանական և հաշվապահական գործունեություն իրականացնողները, կառավարման խորհրդատվություն մատուցողները, ինչպես նաև աշխատուժով ապահովման ծառայություններ տրամադրող սուբյեկտները։
ՊԵԿ-ը շեշտում է, որ վերոնշյալ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև հուլիսի 21-ը ներառյալ պետք է Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնեն հայտարարություն՝ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու նպատակով։
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է, որ այս նախաձեռնությունը միտված է կրճատելու հարկային ռիսկերն ու ապահովելու արդար հարկային բեռ՝ հատկապես այն դեպքերում, երբ պարզեցված կարգով գործող սուբյեկտներն իրականում իրականացրել են խոշոր ծավալների ծառայություններ՝ առավելագույնը խուսափելով ամբողջական հարկային պարտավորություններից։