ՀայաստանՍոցիալական

ՀԷՑ-ի պետականացման գործընթացը մեկնարկել է. քննարկվում է նաև բաժնետոմսերի հասանելիության հնարավորությունը քաղաքացիների համար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ կառավարության գործընկեր խմբակցությունը արդեն շրջանառության մեջ է դրել ՀԷՑ-ի պետականացման օրենքի նախագծի փոփոխությունները։ Նախագիծը մոտ օրերս կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում։

Նախարարն ընդգծել է, որ գործընթացը նպատակաուղղված չէ մասնավոր բիզնեսին տիրանալուն, այլ վերաբերում է էլեկտրաէներգիայի մատակարարման որակի բարելավմանը։ Նա նշել է, որ այսօր արձանագրվում են դեպքեր, երբ էլեկտրաէներգիայի անջատումները խոչընդոտում են գործարանների և ձեռնարկությունների բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով վերջիններս ֆինանսական կորուստներ են կրում։ Նա բերել է օրինակներ, երբ հոսանքի անջատումների պատճառով մասնավոր ընկերությունների նոր տեխնոլոգիաները փչացել են։

Փաշինյանը նշել է, որ պետական կառավարման փուլից հետո պետք է քննարկվեն հետագա սցենարները։ Նա հայտարարել է, որ կարևոր ռազմավարական նպատակ է բաժնետոմսերի ազատ շրջանառության հնարավորության ապահովումը, հատկապես՝ քաղաքացիների ներգրավմամբ։

Նման մոտեցում, վարչապետի խոսքով, նախատեսվում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում՝ նպատակ ունենալով ընդլայնել քաղաքացիների մասնակցությունը երկրի խոշոր ռազմավարական կառույցների կառավարմանը։