
Վանաձորում չշահագործվող բժշկական շենքը կդրվի աճուրդի՝ 276 մլն դրամ մեկնարկային գնով
Կառավարությունը որոշել է վաճառել Վանաձոր քաղաքի Նիզամու փողոց 53/1 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունները և դրանց հարակից հողամասը։ Գույքը նախկինում օգտագործվել է որպես բուժհաստատություն և պատկանել է «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։
Աճուրդի տակ կդրվի ընդհանուր առմամբ շուրջ 3347 քառակուսի մետր մակերեսով շենքն ու հարակից շինությունները։
Տարածքը տարիներ շարունակ չի շահագործվել։ Այն դուրս է եկել օգտագործումից 2006 թվականին՝ առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրերի շրջանակում, և հանձնվել պետական գույքի կառավարման կոմիտեին։
Աճուրդը կանցկացվի ՀՀ կառավարության սահմանած կարգով։
Աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 276 միլիոն 800 հազար դրամ։ Կադաստրային արժեքը՝ 230 միլիոն 886 հազար դրամ։
Գնորդը պարտավորվելու է վճարել նաև գույքի գնահատման ծառայության գումարը՝ ավելի քան 1 մլն դրամ, որը չի ներառվելու ընդհանուր վաճառքի արժեքի մեջ։
Եթե առաջին աճուրդը չկայանա, մինչև 2026 թվականի դեկտեմբերի 19-ը հնարավոր կլինի կազմակերպել նոր աճուրդներ՝ առանց մեկնարկային գնի նվազեցման։