ՀայաստանՍոցիալական

Շրջակա միջավայրի նախարարությունը հերքում է միջուկային թափոնների տեղափոխման մասին լուրը

Ֆրանսիական «Orano» ընկերության կողմից Հայաստան միջուկային վառելիքի թափոնների գաղտնի ներմուծման մասին պնդումները, որոնք շրջանառվում են մամուլում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը համարում է ապատեղեկատվություն։

Նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ նման տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։

Թեմային անդրադարձել են նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ֆեյսբուքում հրապարակումներով լուրը հերքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և իշխող ուժի մի շարք այլ պատգամավորներ։

Ֆրանսիական լրատվամիջոցի հրապարակած հոդվածի մեջ նշվում է, որ ֆրանսիական կողմը՝ մասնավորապես «Orano» ընկերությունը, Հայաստան է տեղափոխում վտանգավոր թափոններ, որոնք իբր պետք է պահվեն ազգային պարկի տարածքում։ Հոդվածում նշվում էր նաև, թե գործընթացի մեջ առնչություն ունի ՀՀ վարչապետի հետ կապ ունեցող հիմնադրամ։

Թեման հանրային ուշադրության կենտրոնում էր նաև 2019 թվականի մարտին, երբ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել էր միջուկային ոլորտի ֆրանսիական պատվիրակությանը՝ այդ թվում «Orano»-ի ներկայացուցիչներին։ Քննարկվել էր համագործակցության խորացման հնարավորությունը, սակայն որևէ այլ տեղեկություն միջուկային թափոնների տեղափոխման մասին այդ ժամանակ չի հրապարակվել։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, զրուցակիցները խոսել են միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունների մասին: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել հետազոտական նախագծեր, մասնագիտական փոխանակումներ ու կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորություններին: