
Մարմաշենում խմելու նոր ջրագիծ է կառուցվում
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Մարմաշեն գյուղում ընթանում են խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ։ Ծրագիրը նպատակ ունի լուծել երկար տարիներ շարունակվող ջրամատակարարման խնդիրները և բարելավել Մարմաշենի բնակչության կենցաղային պայմանները։
Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, կառուցվում է շուրջ 9630 մետր երկարությամբ նոր խողովակաշար։ Դրանից օգտվելու է մոտ 1100 բնակիչ՝ 239 տնային տնտեսություն։
Աշխատանքների մոտ 80 տոկոսն արդեն ավարտված է։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 177 մլն դրամ, որի 70 տոկոսը (123 մլն 903 հազար դրամ) համաֆինանսավորման շրջանակում տրամադրել է ՀՀ կառավարությունը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում։