ՀայաստանՍոցիալական

Խաբեությամբ վերցված վարկերի պատճառով քաղաքացիները սև ցուցակում չեն հայտնվի

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների վարկային խնդիրները ժամանակավորապես կսառեցվեն։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ խաբեությամբ՝ քաղաքացիների անունով ձևակերպված վարկերի գծով պարտավորությունները չեն գանձվի մինչև քրեական վարույթի ավարտը։

Բացի այդ, բանկերը չեն հաշվարկի տոկոսներ, իսկ մինչ այս կուտակված տոկոսները կզրոյացվեն։ Ժամկետանցումները կվերանայվեն, և քաղաքացիները չեն ներառվի վարկային «սև ցուցակում»։

ՆԳՆ տվյալներով՝ կիբեռհանցագործությունների այս տեսակը նվազման միտում ունի․ մարտին արձանագրվել է 85 դեպք, ապրիլին՝ 52, իսկ մայիսից ի վեր՝ 22։

Նախարարությունը հորդորում է քաղաքացիներին չտրամադրել անձնական տվյալներ ու գաղտնաբառեր, չանցնել կասկածելի հղումներով և կասկածի դեպքում անմիջապես կապ հաստատել իրենց բանկի հետ։

Նախարարությունը նման որոշում է կայացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Քննչական կոմիտեի և Կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկումների արդյունքում։