ՀայաստանՍոցիալական

«Աջափնյակ» մետրոյի կայարանի նախագծային փուլն ավարտված է. շինաշխատանքները կարող են մեկնարկել այս տարի

Երևանի մետրոպոլիտենի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Պետական համալիր փորձաքննության արդյունքը նույնպես դրական է։ Այս մասին հայտնել է Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանը՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանի ֆինանսական վարչությանը արդեն ներկայացվել են ֆինանսավորման վերջին տրանշի փաստաթղթերը։ Միևնույն ժամանակ նախատեսվում է սկսել տարածքի օտարման գործընթացը։ Այդ նպատակով մշակվել է «գերակա շահ ճանաչելու» որոշման նախագիծ, որը ուղարկվել է կառավարություն՝ շրջանառության մեջ դնելու և հաստատման համար։

Իր հերթին Ավինյանը նշել է, որ իրենց հիմնական նպատակը ամենասեղմ ժամանակամիջոցում շինարարությունը սկսելն է։

Ավելի վաղ քաղաքապետարանից հայտնել էին, որ շինարարության մեկնարկը նախատեսվում է 2025 թվականի վերջում կամ 2026-ի սկզբին։ «Աջափնյակ» կայարանի նախագիծը կդառնա Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանը։ Նախագծի արժեքը գնահատվում է շուրջ 250 միլիոն դոլար, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը՝ մինչև 5 տարի։