ՀայաստանՍոցիալական

Երևանի քաղաքապետարանը դժգոհ է կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային հարթակից. համակարգը կարող է դադարեցվել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոշտ քննադատության է ենթարկել կառուցապատման թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային հարթակը։ Քաղաքապետի խոսքով՝ համակարգը, որն արդեն վեց ամիս գործարկված է, լուրջ տեխնիկական ու կառուցվածքային խնդիրներ ունի, ինչը խոչընդոտում է թե՛ քաղաքաշինական գործընթացներին, թե՛ քաղաքացիների սպասարկմանը։

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Ալիկ Վարդազարյանը հաստատել է՝ հարթակի կիրառման ընթացքում շարունակ ի հայտ են գալիս խնդիրներ։ Նրա խոսքով՝ մի մասը լուծվում է տեղում, սակայն մի շարք խոտաններ շարունակում են անհարմարություններ առաջացնել ինչպես կառուցապատողների ու նախագծողների, այնպես էլ պետական ու համայնքային մարմինների համար։

Ավինյանը նշել է, որ էլեկտրոնային համակարգերի ներդրումը կարևորվում է, սակայն պետք է արվի առանց շտապողականության՝ փուլային, հիմնավորված լուծումներով, այլապես ամբողջ համակարգը կարող է պարզապես չգործել։