ՀայաստանՍոցիալական

Ազգային ժողովի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վթարների կարգավորման նոր նախագծին

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վթարների հետևանքով առաջացած խցանումների նվազեցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությանը։

Ըստ առաջարկվող կարգավորման՝ ճանապարհատրանսպորտային պատահարին առնչվող վարորդներն օրենքի համապատասխան դրույթներով նախատեսված դեպքերում պարտավոր են միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից 20 րոպեների ընթացքում պատահարի վայրը թողնել և ավտոտրանսպորտային միջոցն օրենքով չարգելված այլ վայր տեղափոխել, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը: Հակառակ պարագայում կնշանակվի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Նախագծով կարգավորումները կմտնեն ուժի մեջ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։

Վարորդների համար նախատեսված «Ավտոապահովագրական մեկ պատուհան» (ASWA) հավելվածը, որը պետք է պարզեցնի վթարային տվյալների փոխանցման գործընթացը, ամբողջությամբ պատրաստ կլինի 2026-ի հունվարի 1-ից։ Հավելվածում կարևոր փոփոխություն է լինելու վարորդների նույնականացման համակարգի ներդրումը։ Էդուարդ Աղաջանյանի համոզմամբ հավելվածն ամբողջությամբ գործելու դեպքում վարորդներից կպահանջվի առավելագույնը 5 րոպե՝ տվյալները համակարգ ներբեռնելու համար:

Քաղաքացիները, ովքեր կցանկանան վերակնքել ԱՊՊԱ պայմանագիր, պարտադիր պետք է ունենան ASWA համակարգ, դրանում ներբեռնել իրենց տվյալները, որ վթարի պարագայում բոլոր տվյալները QR կոդի գեներացմամբ լրացվեն:

Կառավարությունը դրական է գնահատել նախագիծը՝ առաջարկելով մի շարք խմբագրական ճշգրտումներ։