
Գազի գինը նույնը կմնա
2025 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ կմտնեն գազամատակարարման և բաշխման նոր սակագները, սակայն բնակչության համար գազի վերջնական գինը չի փոխվի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է նոր սակագներ՝ վերանայելով 2020-2025 թվականների հաշվարկային մոտեցումները։ Բնակչությունը մինչև 2026 թվականի օգոստոսի 1-ը կշարունակի գազի համար վճարել նույնը՝ 143.7 դրամ մեկ խմ-ի դիմաց։ Սոցիալապես անապահով խմբերը կշարունակեն օգտվել սուբսիդավորված՝ 100 դրամ սակագնից։ Սակայն որոշակի փոփոխություններ կարվեն ընկերության համակարգերում։
Հանձնաժողովի որոշմամբ`«Գազպրոմ Արմենիայի» կողմից գազամատակարարման համակարգի ծառայության մատուցման սակագինը բնական գազի յուրաքանչյուր 1000 խմ–ի համար սահմանվել է 23 533 դրամ` գործող 24 042 դրամի փոխարեն, գազի բաշխման սակագինը` 14 989 դրամ` գործող 19 664–ի փոխարեն, — նշված է հաղորդագրության մեջ։
Սակագների վերանայման հիմքում եղել է 2020-2025 թվականների գործունեության գնահատումը։ Մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիան» չի կատարել նախատեսված հաստիքների կրճատումը, քանի որ գազաբաշխման ցանցն այս ընթացքում կրկնակի աճել է՝ 1700 կմ-ի փոխարեն՝ 3500 կմ։
Բացի այդ, հստակեցվել են նաև գազի կորուստների չափանիշները․ եթե նախկինում թույլատրելի ցուցանիշը 5.07 տոկոս էր, ապա նոր շրջափուլի համար այն չի գերազանցի 3.9 տոկոսը։ Եթե կորուստները գերազանցեն այդ շեմը, ծախսը չի բաշխվի սպառողների վրա, այլ կմնա մատակարար ընկերության՝ «Գազպրոմ Արմենիայի» հաշվին։
Հարկ է նշել, որ գազի գները վերջին անգամ թանկացել են 2022 թվականի ապրիլին՝ 139 դրամից դառնալով 143․7 դրամ։