ՀայաստանՍոցիալական

Միասնական ռեգիստր. քայլ դեպի թվայնացում, թե՞ անձնական տվյալների վերահսկողություն

Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է բոլոր քաղաքացիների և ՀՀ-ում բնակվելու իրավունք ունեցողների մասին տվյալների կենտրոնացված շտեմարանի ստեղծմումը։ Այսպես կոչված «միասնական բնակչության ռեգիստրի» ձևավորման մասին նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի հուլիսի 1-ի նիստում՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի կողմից։

Ըստ նախագծի՝ շտեմարանը պետք է դառնա միակ վստահելի և իրավական ուժ ունեցող տվյալների աղբյուրը, որը պետք է ամրագրի անձի իրավական ինքնությունը և դառնա նույնականացման համար գլխավոր հարթակը։ Այսինքն, եթե տվյալը առկա է շտեմարանում, ապա այն արդեն ունի իրավական ուժ։ Սա նշանակում է, որ անհրաժեշտություն չկա փաստաթղթեր ունենալու։

Չնայած թվայնացման նպատակի շեշտադրմանը, նախագիծը մի շարք մտահոգություններ է առաջացնում մասնագիտական և հանրային շրջանակներում։ Նախ՝ միավորման անվան տակ փաստացի պետությունը ստանում է անձի գրեթե բոլոր ինֆորմացիոն հոսքերի վերահսկողությունը։ Բացի այդ՝ քաղաքացու տվյալները կարող է օգտագործվել պետական բոլոր մարմինների կողմից, առանց նրա միջամտության կամ տեղեկության։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ինքն է փաստել, որ ներկայում պետական ռեգիստրը մի քանի աղբյուրներից մուտքագրվող, ոչ միասնական և տեխնիկապես անկատար համակարգ է։ Բայց փոխարենը համակարգը բարելավելու, վերանայելու կամ երաշխիքներ ապահովելու, առաջարկվում է բոլոր տվյալները մեկ տեղում կենտրոնացնել՝ առանց հստակ վերահսկման մեխանիզմների կամ տվյալների պաշտպանության երաշխիքների։

Ռեգիստրում կներառվեն ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլ նաև փախստականները, ապաստան հայցողները, կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները և անգամ հանրային ծառայության համարանիշ ունեցող օտարերկրացիները։