
Սննդային անվտանգությունը՝ վտանգի տակ․ ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը
Սննդային անվտանգությունը յուրաքանչյուր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն։ Սակայն վերջին տարիներին շուկաներում մրցակցության աճը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների զարգացման վրա կենտրոնացումը բարդացրել են առաջնային պարենային ապրանքների տեղական արտադրության պահպանումը։ Այս միտումները նկատվում են նաև Հայաստանում։
Հայաստանը փոքր, բաց և աշխարհաքաղաքական առումով անկայուն դիրք ունեցող երկիր է։ Այս պայմաններում սննդի հարցը դառնում է ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգային խնդիր։ Հիմք ընդունելով 2022-ից գործող գլոբալ պարենային անվտանգության ինդեքսը՝ Հայաստանը ունի համեմատաբար թույլ արդյունքներ. Սննդի մատչելիություն՝ 6.0 է, հասանելիությունը՝ 4.40, իսկ որակ և անվտանգություն՝ 4.42 միավոր։
Բայց առավել կարևոր ցուցիչներից է, թե որքան է երկրում արտադրվում սեփական օգտագործման համար անհրաժեշտ սնունդ։ Այս առումով Հայաստանի տվյալները տագնապալի են․ Ցորենի արտադրությունը 33.2%-ից իջել է 27.9%-ի (2017–2023), լոբազգի մշակաբույսերինը՝ 49.7%-ից՝ 35.2%, շաքարինը՝ 65.2%-ից՝ 42.8%, խոզի մսի աչտադրությունը՝ 58%-ից՝ 48%, իսկ հավի մսի արտադրությունը՝ 24.4%
Այս թվերը վկայում են, որ Հայաստանը գնալով կորցնում է ներքին արտադրությամբ սննդային պահանջները բավարարելու կարողությունը։ Հայաստանի պարենային ներմուծումների գերակշիռ մասը գալիս է Ռուսաստանից։Օրինակ՝ ցորենի և ալյուրի՝ մոտ 95-98%, բուսայուղի՝ 99.1%, թռչնամսի՝ 74.4%, եգիպտացորենի՝ 93.8%, շաքարի՝ 63.2%, լոբու՝ 72.2%
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաև կլիմայական փոփոխությունները, նման կախվածությունը սրվում է։ Այն ոչ միայն սահմանափակում է երկրի կայունությունն ու ինքնուրույնությունը, այլև մեծացնում է գների կտրուկ բարձրացման կամ ապրանքների դեֆիցիտի հավանականությունը։
Հայաստանում դեռ 2002-ին ընդունվել է «Սննդային անվտանգության ապահովման մասին» օրենքը, իսկ 2011-ին՝ համապատասխան հայեցակարգը։ Սակայն այս փաստաթղթերը արդեն ժամանակավրեպ են։ Տնտեսության, տեխնոլոգիաների և ռեգիոնալ իրավիճակի փոփոխությունները պահանջում են նոր մոտեցում։
2020–2030 թթ. գյուղատնտեսության ռազմավարության մեջ պարենային անվտանգության մասին որոշ դրույթներ ներառվել են, սակայն դրանք մասնակի են և չեն տալիս համալիր լուծում։ Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը գտնվում է ռիսկային շեմին։