ՀայաստանՍոցիալական

Ուղևորը հսկողության տակ. Ազգային ժողովը ճանապարհ է հարթում տրանսպորտում վերահսկողության համար

Ազգային ժողովը հուլիսի 1-ին առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու համար սահմանվում է տուգանք։ Օրինագծին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 27-ը։

Օրենքի նախագծով հանրային տրանսպորտով երթևեկող ուղևորները պարտավոր են վճարել՝ տրանպսրոտ մտնելիս՝ առավելագույնը 1 րոպեի ընթացքում։ Չվճարելու դեպքում նրանց կարող են նույնականացնել, տուգանել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վարչական ձերբակալության ենթարկել։

Թեև օրինագծի հեղինակները հիմնավորում են այս քայլը «վճարումների կարգապահության» բարձրացմամբ, ընդդիմադիր պատգամավորները և մի շարք փորձագետներ այս նախաձեռնությունը որակում են անհամաչափ, անհասկանալի և վտանգավոր՝ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության և ազատ տեղաշարժի տեսանկյունից։ Օրինագիծը թույլ է տալիս հանրային տրանսպորտի հսկիչներին տեսանկարահանել, ձայնագրել և նույնականացնել ուղևորներին։ Բացի այդ, մինչև ուղևորության ավարտը, ուղևորները պետք է իրենց մոտ պահպանեն վճարման կրիչը՝ անհրաժեշտության դեպքում այն հսկող անձին ցույց տալու համար։

Բացի այդ՝ հանրային տրանսպորտում հսկիչներ կաշխատեն, որոնք կհետևեն վճարման գործընթացին։ Մինչ այդ Երևանի քաղաքապետարանից վստահեցնում էին, որ հսկողությունը իրականացվելու է երթուղիների հաճախականությունը, արտաքին և ներքին մաքրությունը վերահսկելու, վարորդների պատշաճ հագուստով աշխատանքը ապահովելու, ուղևորների հետ շփվելու կանոնները վերահսկելու և այլնի համար։ Այսինքն՝ հսկիչները պետք է վերահսկեին վարորդների աշխատանքը։ Ստացվում է այնպես, որ այդ հսկիչները իրականում քաղաքացիներին վերահսկելու համար էին նախատեսվում։

Ըստ նախագծի՝ սահմանվում են հետևյալ տուգանքները՝ 15,000 դրամ՝ տրանսպորտի վարձը չվճարելու համար կամ ուրիշի, մասնավորապես՝ արտոնյալ անձի քարտից օգտվելու համար։ Բացի այդ, նախագծով սահմանվում է 3,000 դրամ տուգանք, եթե ուղևորն ունի վճարային քարտ, սակայն չի վավերացրել այն վալիդատորով։