ՀայաստանՍոցիալական

Ճամբարակի Ջիլ գյուղում սկսվել է կենտրոնական ճանապարհի հիմնանորոգումը

Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ջիլ գյուղում մեկնարկել են կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհը, որը կապում է Սևան-Շողակաթ-Վարդենիս մայրուղին Ջիլի նորակառույց դպրոցի հետ, նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականի ընթացքում։

Ըստ ծրագրի՝ կվերակառուցվի 3100 մետր երկարությամբ և 21,400 քմ մակերեսով ճանապարհ։ Աշխատանքների շրջանակում իրականացվում է երթևեկելի հատվածի հիմնային շինարարություն, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի և կողնակների տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում, սալիկապատ մայթեր (շուրջ 1200 քմ) և կամրջի ամրացում։

Ճանապարհի շուրջ 1.6 կիլոմետրը անցնում է բնակավայրի ներսով, ինչը երկար տարիներ խնդիր էր ինչպես տեղացիների ազատ տեղաշարժի, այնպես էլ ձմեռային և անձրևային եղանակներին ճանապարհի անցանելիության առումով։

Նախագծի նախահաշվային արժեքը կազմել է 593.2 միլիոն դրամ, իսկ պայմանագրային արժեքը՝ շուրջ 398.8 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔՈՄՓՆԻ» ՍՊԸ-ն։ Ավարտին հաջորդելու են ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքները։ Հարկ է նշել նաև, որ «ՎՄՎ ՔՈՄՓՆԻ» ընկերությունը պատկանում է Լիճք համայնքի ավագանու անդամ Շուշանիկ Խալոյանին։